ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Շատ ենք հեռացել ինքներս մեզնից, մեր տեսակից»

«Շատ ենք հեռացել ինքներս մեզնից, մեր տեսակից»
10.07.2009 | 00:00

«ՊԱՐՈՆԱ՛ՅՔ, ԴՈՒՔ ՇՓՈԹՈՒՄ ԵՔ ԱՆԱՆԱՍԸ ԿԱՐՏՈՖԻԼԻ ՀԵՏ»
…և ոչ միայն մշակույթի մասին
Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստուհի, Հ. Ղափլանյանի անվան Երևանի պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի ԷՎԵԼԻՆԱ ՇԱՀԻՐՅԱՆԸ հաճելի հիշողություններով է կապված խորհրդային ժամանակաշրջանի հետ և մտահոգ է մատաղ սերնդի դաստիարակության խնդիրներով: Այս և այլ հարցերի մասին է մեր զրույցը նրա հետ:
«ԶԱՆԱԶԱՆ ԱՆՃԱՇԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹԱՏՐՈՆԻՑ ԽԼԵԼ ԵՆ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ՄԻ ՀՈԾ ԶԱՆԳՎԱԾ»
-Տիկի՛ն Էվելինա, խորհրդային տարիներին դրամատիկական թատրոնի ներկայացումները, այստեղ տիրող մթնոլորտը, կարծես, թարմ, կենարար օդի հոսանք էին հաղորդում մեր կյանքին: Այսօր, երբ բազմաթիվ ու բազմատեսակ հարթակներից այդ թարմ օդը, ազատատենչ կոչերն այս կամ այն կերպ հասու են դարձել ժողովրդին, չի՞ խաթարվել թատրոնի և հանդիսատեսի կապը:
-Շատ ցավոտ հարց տվեցիք: Դրամատիկ թատրոնը, իսկապես, թարմ օդով էր ապահովում իր հանդիսատեսին: Փա՜ռք Աստծո, որ այդ ավանդույթը շարունակվում է և այսօր: Մեր թատրոնը երբեք չի դավաճանել իր ոճին, իր տեսակին: Ինչպես հիմքը դրել է գեղարվեստական ղեկավարը` Հրաչյա Ղափլանյանը, այնպես էլ այսօր շարունակում է Արմեն Խանդիկյանը: Մենք տուրք չենք տվել նորօրյա հովերին: Իր ասելիքով, իր մակարդակով, իր ճաշակով դրամատիկը մնացել է նախկին բարձրության վրա և այսօր էլ կարող է հանրություն կրթել: Մեզ մոտ գալիս է այն հանդիսատեսը, որը սիրում և հասկանում է այս թատրոնը: Իհարկե, քանակի առումով զիջում է խորհրդային տարիների հանդիսատեսին, և այստեղ, անշուշտ, դեր ունի Ձեր նշած բազմաթիվ և բազմատեսակ հարթակների գոյությունը: Անճաշակ բաներով է լցվել մեր կյանքը: Զանազան անճաշակությունները թատրոնից խլել են հանդիսատեսի մի հոծ զանգված: ՈՒ ցավալի է, որ այդ զանգվածի մեջ զգալի տեղ ունի երիտասարդությունը, որին գրավում են էժանագին բաները, որոնք, էժանագին լինելով հանդերձ, շատ մեծ գումարների հաշվին են ստեղծվում և ներկայացվում թանկարժեք տոմսերով: ՈՒ երիտասարդները գնում են դիտելու այդ ապաշնորհ շոուները, չեն գալիս թատրոն, որտեղ տոմսն անհամեմատ էժան է:
-Ինչպիսի՞ դեր ունեն հեռուստասերիալները: Ըստ Ձեզ, դրա՞նք ևս թատրոնից հանդիսատես են խլում:
-Այո՛, դրանք ևս վնասում են թատրոնին: Եվ առավել ցավալի է, որ սերիալում նկարահանվողին վճարում են ավելի բարձր, քան լուրջ թատրոնի դերասանին: Իմ մեկ ամսվա ստացածը նրանք ստանում են մեկ-երկու օրում: Ես դեմ չեմ, որ նրանց լավ վճարեն, ինձ վիրավորում է մեր չնչին աշխատավարձը: Ինչքան էլ ուզեմ քաղաքականությունից խուսափել, չեմ կարող որոշ բաների կողքով անտարբեր անցնել, դրանց մասին չբարձրաձայնել: Այդ քաղաքականություն կոչվածն առնչվում է իմ այսօրվա կենսակերպին, ուզեմ-չուզեմ, գալիս-կպչում է ինձ: Առաջ համապատասխան կազմակերպությունները քննարկումներ էին անում, որոշում էին դերասանի կարգը, գնահատում վաստակը, նրան վճարում` ըստ այդ չափանիշների: Իսկ այսօր ամեն ինչ խախտվել է, դերասանի արժեքը որոշում է շուկան: Գալիս է պրոդյուսերը և դերի համար առաջարկում ինչ-որ մի գումար: Մեկ ուրիշին կարող է առաջարկել դրա եռապատիկը, քառապատիկը: Եվ ոչ մի տրամաբանություն, ոչ մի չափանիշ չի գործում: Դերասանն ընտրություն չունի: Մի անգամ ինձ էլ հրավիրեցին նկարահանվելու սերիալում, բայց առաջարկեցին այնպիսի գումար, որ վիրավորվեցի ու հրաժարվեցի: Մեկ այլ դերասանուհի անմիջապես համաձայնեց, ընդունեց առաջարկը. մարդիկ փողի կարիք ունեն, ստիպված են ընդունել անգամ վիրավորական առաջարկությունները: Բայց այսպես չի կարելի: Պարոնա՛յք, դուք շփոթում եք անանասը կարտոֆիլի հետ: Դրանք տարբեր գին ունեն: Դերասանի աշխատանքն այնքան է էժանացել, որ յուրաքանչյուր մարդ կարծում է, թե կարող է դերասանություն անել: Ինչպե՞ս կարելի է: Դա նույն բանն է, որ ես գնամ վիրաբույժ աշխատեմ, վիրահատություն անեմ: Եվ ոչ մեկի ձեռքը բռնող չկա: Իսկ շատ ցավալի փաստերից մեկն էլ այն է, որ ամբողջ մի սերնդի ճաշակ է փչանում: Այսօր իմ թոռնիկները խոսում են ուրիշ, ինձ անհասկանալի հայերենով, և ուսուցչուհին իմ անհանգստությունը «փարատում է», ասելով, որ բոլորն էլ այդպես են խոսում, ու եթե որևէ մեկն այլ կերպ խոսի, շրջապատի աչքում կդառնա ծիծաղելի: Իսկ սերիալներում խաղացող հերոսների արտաքի՞նը: Սա էլ մեկ այլ թեմա է, պարզապես զավեշտ: Հատուկ այլանդակ դեմքերով ու կեցվածքներով մարդկանց են նկարահանում: Չես հասկանում, թե որն է սրա նպատակը: Եվ եթե այս հարցերը բարձրացնում ես, հեռուստաընկերություններն ունեն հայտնի պատասխանը. «Չես ուզում, ուրիշ ալիք նայիր»: Ո՛չ, ես պիտի նայեմ ցանկացած ալիք, և դրանք բոլորն ինձ պիտի ապահովեն բարձրորակ հաղորդումներով, գրագետ հայերենով: Խորհրդային տարիներին մեզ տալիս էին դպրոցական աբոնեմենտներ, մենք գնում էինք օպերա, համերգից առաջ լսում հաղորդավարի խոսքը, վերլուծությունը: Եթե անգամ լինում էինք անուշադիր, անտարբեր, չէինք խորանում լսածի մեջ, միևնույն է, դա նստվածք էր թողնում մեր կյանքում, մեր դաստիարակության վրա: Հիմա նման բաներ չկան:
«ՏԱՐԲԵՐ ՄԱՐԴԻԿ ՏԱՐԲԵՐ ՃԱԿԱՏԱԳՐԵՐ ՈՒՆԵՆ, ԿՅԱՆՔԻ ՏԱՐԲԵՐ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐ»
-Դրամատիկական թատրոնում աշխատած Ձեր սերնդակիցներից շատերը` Վիոլետա Գևորգյան, Տաթևիկ Ղափլանյան, Անահիտ Թոփչյան, Լևոն Շարաֆյան, այսօր արտասահմանում են: Ձեզ ի՞նչը պահեց Երևանում` հանգամանքնե՞րը, թե՞ համոզմունքները:
-Տարբեր մարդիկ տարբեր ճակատագրեր ունեն, կյանքի տարբեր հանգամանքներ: Երևանում մնալն իմ սկզբունքն էր: Դեռ սովետական շրջանում ունեցել եմ ազգականներ, հարազատներ, որոնք բավական ապահովված մարդիկ էին և ինձ բազմիցս առաջարկել են մեկնել արտասահման, ապրել այնտեղ: Բայց ես սիրում եմ իմ երկիրը, իմ հողը: Այս բառերը հիմա այնքան են էժանացել, որ անհարմար եմ զգում ասել, բայց սա է ճշմարտությունը: ՈՒղղակի հիմա այդ արժեքները ջնջվել են: Ովքեր մնացին Հայաստանում, ովքեր տառապեցին, կրեցին հետխորհրդային տասը տարիների ցուրտը, մութը, սովը, հիմա ոչնչով չեն փոխհատուցվում: Մեզանից պահանջում էին «ըմբռնումով մոտենալ»: Մենք մոտեցանք ըմբռնումով, իսկ ի՞նչ ունենք այսօր այդ ըմբռնումի դիմաց: Այդ տարիներին, երբ մենք ամեն ինչին «ըմբռնումով էինք մոտենում», մարդիկ իրենց համար դղյակներ կառուցեցին: Ո՞Ւմ հաշվին, ինչպե՞ս: Իսկ ես այսօր բնակարան չունեմ, և եթե որևէ մեկին դիմեմ բնակարանի հարցով, պարզապես կծիծաղի ինձ վրա: Ո՞Ւմ է հետաքրքրում իմ բնակարանի խնդիրը: Իսկ սովետական տարիներին գիտեի, որ կարող եմ դիմել, մեկ-երկու տարի սպասել, և խնդիրը լուծում կստանա: Այն տարիներին ես իմ աշխատավարձով արտասահմանյան երկրներ էի գնում, կարողանում էի Անգլիա տեսնել, Ֆրանսիա տեսնել: Այսօր մնացել եմ Երևանում, որովհետև այն համարել եմ իմ տունը, ես այս պատերին եմ սովոր, այս քաղաքի սրճարաններին եմ սովոր: Բայց հիմա այդ սրճարաններում չեմ կարողանում լինել, դրանք արդեն ինձ համար չեն: Իսկ առաջ նման բան չկար, որ ես ցանկանայի գնալ որևէ տեղ, և դա անհնար լիներ: Իհարկե, ես դեմ չեմ, որ ժամանակին երկիրը թողած ու դուրս գնացած մարդիկ այսօր գան, մեզ մոտ աշխատեն, թեև նրանց մեջ կային այնպիսիք, որ հռհռալով, արհամարհանքով գնացին այստեղից: Հասկանո՞ւմ եք, նրանք գնացին, լքեցին այս երկիրը, բայց չդարձան այն օտար երկրների քաղաքացիները: Արտասահմանն իրենց երկիրը, իրենց տունը չդարձավ: Եվ ինչ էլ որ անում են այնտեղ, ինչքան էլ ներկայացնում են իրենց «հաջողությունները», «ձեռքբերումները», ես առանձնապես չեմ հավատում դրանց: Սովետական տարիներին նրանք, սրճարաններում նստած, դժգոհում էին, թե հանճարեղ պիեսներ ունեն գրած, բայց այս երկրի գաղափարախոսությունը խոչընդոտում է, թույլ չի տալիս, որ բեմադրեն: Հիմա նման արգելքներ չկան, ո՞ւր են այդ հանճարեղ պիեսները, ինչո՞ւ չեն բերում-առաջարկում: Թատրոնը մնացել է առանց հեղինակների: Ինչո՞ւ ոչ մի նոր դրամատուրգ մենք չտեսանք անկախության շրջանում:
-Ի՞նչ եք կարծում, սփյուռքի նախարարությունը կարո՞ղ է կամուրջ դառնալ այդ արվեստագետների և հայրենիքի միջև, նպաստել նրանց վերադարձին:
-Շատ հարգելով հանդերձ տիկին Հրանուշ Հակոբյանին` դժվարանում եմ պատասխանել այդ հարցին: Ցավով նկատում եմ, որ այսօր էլ բոլորն իրենց հայացքը հառել են դեպի դուրս: Եվ եթե անգամ ոմանք վերադառնում են, ապա միայն փող աշխատելու, այստեղ շքեղ առանձնատներ կառուցելու համար:
«ՍՈՎԵՏԱԿԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ ԿԱՅԻՆ ԿԱՐԵՎՈՐ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ, ՈՐՈՆՔ ՄԵՆՔ ԿՈՐՑՐԻՆՔ»
-Ձեր կոլեգայի` Վլադիմիր Մսրյանի ներկայությունը մայրաքաղաքի ավագանու կազմում կարո՞ղ է բարերար ազդեցություն ունենալ դրամատիկական թատրոնի կյանքում:
-Ինչո՞ւ ոչ: Իհարկե, թատրոնում շատ հարցեր կան, որ պիտի լուծվեն անկախ Վլադիմիր Մսրյանի` ավագանու կազմում լինել-չլինելուց: Ես կարծում եմ, որ թատրոնում, ինչպես և մեր կյանքի ցանկացած բնագավառում, հարցերը չպիտի լուծվեն անձնական կապերի, ծանոթ-բարեկամների միջոցով: Պետք է լինի պետական մոտեցում, պետական սրտացավություն, որպեսզի իսկապես առաջընթաց լինի: Հիմա շոու-բիզնեսի, երգիչների փայլելու շրջանն է, իսկ թատրոնը մնացել է խեղճուկրակ վիճակում: Գուցե ինձ մեղադրեն անվերջ սովետական տարիների գովքն անելու համար, բայց այն ժամանակ իսկապես կային կարևոր չափանիշներ, որոնք մենք անկախության տարիներին կորցրինք: Իհարկե, գաղափարական կաշկանդումներից, անցանկալի սահմանափակումներից ձերբազատվելը ողջունելի էր, բայց, ինչպես ժողովուրդն է ասում, թացն էլ չորի հետ վառվեց: Սա չէր կարելի թույլ տալ:
«ԱՉՔՆԵՐԻՍ ԱՌԱՋ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՓՈՔՐԱՆՈՒՄ Է»
-Անկախության շրջանում պաշտոնավարած երեք նախագահների աշխատաոճի մեջ ի՞նչ էական տարբերություններ կարող եք նշել:
-Տարբերություններ, անշուշտ, կան: Բայց ես չեմ զբաղվում քաղաքականությամբ և չեմ ուզում այդ մասին խոսել: Չեմ ուզում ոչ թե այն պատճառով, որ ասելիք չունեմ, այլ որովհետև դա իմ ոլորտը չէ: Իմ գործն ուրիշ է: Եթե յուրաքանչյուր մարդ իր տեղում իր գործով զբաղվի՝ սկսած նախագահից, վերջացրած հավաքարարով, մեր կյանքում ամեն ինչ լավ կլինի: Թե չէ պատահական մարդիկ հայտնվում են պատահական տեղերում, և մենք սրա արդյունքում կորցնում ենք շատ կարևոր բաներ: Մեր կրթական համակարգում կատարված նորամուծություններն էլ իրենց հերթին են նպաստում այս անցանկալի երևույթների տարածմանը: Առաջ գյուղից երեխան գալիս, ընդունվում էր ինստիտուտ: Նրան ապահովում էին ապրելու տեղով, նա կարողանում էր համեստ միջոցներով սնվել, սովորել, դառնալ մասնագետ, ապա վերադառնալ գյուղ ու շենացնել այն: Ավելին, քաղաքաբնակ շրջանավարտները ևս պարտադիր նշանակումով գնում էին գյուղերում աշխատելու: Ոմանք այնտեղ էին գտնում իրենց ապագան, նվիրվում էին գյուղին, իրենց մասնագիտական կարողությունները ներդնում գյուղի զարգացման գործում: Հիմա գյուղերը դատարկվում են: Մենք անվերջ խոսում ենք մեր տարածքների, մեր հողերի, մեր պահանջատիրության մասին, բայց աչքներիս առաջ Հայաստանը գնալով փոքրանում է: Չկա արդեն Հայաստանը: Գյուղերում մնացել են միայն մեծահասակ մարդիկ: Նույնիսկ Երևանում են շատացել դատարկ բնակարանները: Այդ Հյուսիսային պողոտան` իր թանկարժեք շենքերով, շքեղ խանութներով, ոչ մի կապ չունի մեր քաղաքի հետ: Իմը չէ դա: Ես հասկանում եմ, որ մենք հիմա շատ ենք շփվում Արևմուտքի հետ և այնտեղ տեսածն ուզում ենք բերել այստեղ: Բայց պետք է բերենք իսկական արժեքները, ոչ թե՝ ինչ պատահի: Մենք վերցնում ենք այն, ինչ հասու է, մատչելի: Մեր սերունդը Եվրոպան ճանաչում էր բարձրարժեք ֆիլմերով, իսկ այսօրվա սերունդը չգիտի Ֆելինիի, Անտոնիոնիի անունները, անգամ չի լսել Սիլվա Կապուտիկյանի, Գոհար Գասպարյանի, Հրանտ Մաթևոսյանի մասին: Բայց փոխարենը` ցանկացած երեխա գիտի, թե ինչ արժե Ջենիֆեր Լոպեսի մարմնի այս կամ այն մասը: Այս վճարովի բուհական կրթությունը շատ արժեքներ խախտեց: Սովորում են նրանք, ովքեր ունեն այդ վճարը մուծելու հնարավորությունը, իսկ փող չունեցող շատ արժանի երեխաներ մնում են առանց կրթության: Ամեն ժամանակ էլ եղել են բուհերում պատահական հայտնվող մարդիկ, բայց և բաց էր ճանապարհը խելացի երեխաների համար: Շատ ենք հեռացել ինքներս մեզնից, մեր տեսակից: Մարդիկ գնում են Ռուսաստան, Ամերիկա, փող են աշխատում և այլևս չեն վերադառնում: Նրանց սերունդն արդեն հայկական ոչինչ չունի իր նկարագրում: Խոսում են ուրիշ լեզվով, ապրում ուրիշ նիստուկացով, առաջնորդվում ուրիշ մտածելակերպով: Առաջ զարմանում էինք, որ եվրոպացիներն առանց զանգի միմյանց հյուր չեն գնում: Հիմա մենք ենք դարձել այդպիսին: Առաջ մտերմություն կար, հարևանություն կար, հիմա այդ բաները վերացել են: Էլ ի՞նչ ազգային ինքնության, էլ ի՞նչ հայեցիության մասին կարող է խոսք լինել այս դեպքում: Միայն հայկական ազգանուն կրելով հո հայ չե՞ս դառնում:
-Տիկի՛ն Էվելինա, քանի՞ ներկայացման մեջ եք զբաղված ներկայում, և ի՞նչ նոր ներկայացում է բեմադրվում դրամատիկական թատրոնում` Ձեր մասնակցությամբ:
-Ցավոք, նախկին հաճախականությամբ չեմ լինում բեմում: Խաղում եմ չորս ներկայացման մեջ: Հիմա սկսվել են աշխատանքները նոր ներկայացման վրա, որը կոչվում է «Mama mia»: Հեղինակն է Բեն Լյուդվիգը: Շատ գեղեցիկ կատակերգություն է: Հավանաբար, պատրաստ կլինի հաջորդ թատերաշրջանում:
Զրույցը վարեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 2399

Մեկնաբանություններ